Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-ին կայցելի Ադրբեջան: Վերջերս Ռուսաստանի եւ Ադրբեջանի շփումներն աշխուժացել են փոխադարձ շահերի պատճառով: Բաքուն ԼՂ-ի ճգնաժամում օգնության հույս ունի, Մոսկվան էլ հուսով է, որ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին:

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր  Էլմար Մամեդյարովի հետ «կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ»: Փորձագետները կարծում են, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը վերջերս ավելի ինտենսիվ փոխգործակցում է Ադրբեջանի հետ, որին ավանդաբար տարածաշրջանում իր գործընկերն է համարում ԱՄՆ-ն, հայտնում է   gazeta.ru-ն:

ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նախորդ շաբաթ ընդգծել է, որ Լավրովի այցը երկու երկրների արտգործնախարարների արդեն չորրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում: Նա նաեւ Ադրբեջանին Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկերն է անվանել:

Լավրովից հետո այցով Բաքու կմեկնի նաեւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով գլխավորում է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը: