Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի սեմինարը բավականին լարված մթնոլորտում է ընթանում: Հայկական պատվիրակությունը կոռեկտ, սակայն բավական կտրուկ ձեւով հիշեցրել է Բաքվին մի շարք տհաճությունների մասին:
Contact.az-ի հաղորդմամբ, ի պատասխան դրան՝ ադրբեջանական խումբը առաջարկել է Հայաստանին բացառել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից: Նման առաջարկությամբ հանդես է եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆետ Ասքերովը: «Հայկական պատվիրակությունը այստեղ սադրանքով է զբաղված: Հարցերի առաջադրման քողի տակ Հայաստանի ներկայացուցիչները իրենց ելույթներում հարձակվում են Ադրբեջանի վրա», - ասել է Ասքերովը: Ընդ որում, նա Հայաստանը անվանել 1 ահաբեկչական պետություն: Ասքերովը «ահաբեկիչ» է կոչել նաեւ միջոցառմանը մասնակցող Թեւան Պողոսյանի հորը՝ Ժիրայր Պողոսյանին:
Թեւան Պողոսյանը՝ ի պատասխան ադրբեջանցի պատգամավորի հորջորջմանը՝ հայտարարել է, որ հպարտանում է իր հոր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած սիրով: Այնուհետեւ ադրբեջանական կողմին հիշեցրել է, որ նախորդ անգամ, կրկին Բաքվում անցկացվող միջոցառման ժամանակ նրանք Հայաստանի ղեկավարությանը անվանել են «ֆաշիստներ», իսկ «այժմ՝ ահաբեկիչներ»: Պողոսյանը նաեւ հայտարարել է, որ պատերազմըՂարաբաղի հետ է տեղի ունեցել, եւ խնդրի լուծման համար Ադրբեջանը պետք բանակցի Ղարաբաղի, եւ ոչ թե Հայաստանի հետ: Այնուհետեւ ընդհարմանը միացել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը՝ ասելով, որ Ղարաբաղի 90 հազար հայերը ոչ մի կերպ չէին կարող հաղթել 8,5 մլն բնակչություն ունեցող երկրին, եւ հայերին ակտիվորեն օգնել է Ռուսաստանը: Դրանից հետո Լիտվայի ներկայացուցիչը կոչ է արել հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններին միջոցառումը չվերածել փոխադարձ մեղադրանքների թատերաբեմի՝ կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսության: Նա նաեւ հիշեցրել է, որ տվյալ իրավիճակից եւ հակամարտության անորոշությունից ավելի շատ շահում է «երրորդ մեծ պետությունը»:




























