ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիաֆաթ Ասքերովն առաջարկել է Հայաստանին հեռացնել Վեհաժողովից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, ով մասնակցում է Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի սեմինարին:

Նրա խոսքով, ադրբեջանական պատվիրակների վարքը ողբերգական ֆարս է հիշեցնում. նրանք Հայաստանի նախագահին «ահաբեկիչ» են անվանել, իսկ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակ Թեւան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են «ահաբեկչության մեջ»:

Ի պատասխան, Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ հպարտ է այն ամենով, ինչ իր հայրն արել է: «Նա ինձ սովորեցրել սիրել իմ երկիրը»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում Կիրակոսյանը:

Միաժամանակ, իրենց ելույթներում հայ պատվիրակները շեշտել են, որ Հայաստանի զինված ուժերը ներդրում կատարող են, այլ ոչ թե սպառող, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը: Նրանք նաեւ ընդգծել են զինված ուժերում բարեփոխումների հաջողության մասին:

Ադրբեջանական վերլուծաբան Ավազ Հասանովը նախազգուշացրել է իսլամականների պատճառով Ադրբեջանում անկայության մասին, իսկ Բաքվին քննադատել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հալածանքների համար: Նա նաեւ նախազգուշացրել է Հայաստանի եւ Ղարաբաղի հետ փոխգործակցության դժվարությունների մասին, որոնց պատճառը Ադրբեջանում պետական ճնշումներն են: