Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, Վանաձորի զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Մնացական Մինասյանը, որի ոտքն օրեցօր կարճանում է, մինչեւ ամսվա վերջ կվիրահատվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինվորի մայրը՝ Նարինե Հարությունյանը:
«Ձեր հրապարակումից հետո նորից բժիշկներ եկան, ոտքը նայեցին, ռենտգեն արեցին ու որոշեցին վիրահատել: 10-15 օրից վիրահատելու են, ուշացնում են, որովհետեւ տղաս ուռոլոգիական խնդիր էլ ուներ, առաջնային դա վիրահատեցին: Վիրահատությունից հետո էլ բարդություններ են առաջացել, հիմա փորձում են դա վերացնել: Խոստացել են, որ հենց լավանա, ոտքի մենիսկը կվիրահատեն»,- ասաց նա:
Նշենք, որ Մնացականին Երեւանի Մուրացանի հոսպիտալ են տեղափոխել դեռ մայիսի 29-ին NEWS.am-ի հրապարակումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ զինվորի մայրը՝ տիկին Նարինեն NEWS.am-ին պատմել էր, որ որդին երեք տարի առաջ ծանրամարտով զբաղվելիս վնասել էր ոտքը, այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել, սակայն ծնողները չէին համաձայնվել:
«Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասել էր Նարինե Հարությունյանը:




























