Հայաստանում այս օրերին որևէ արտառոց եղանակային պայամաններ չեն դիտվում, իսկ կարկուտն ու առատ տեղումներն այս ամիսներին բնորոշ երևույթներ են մեր երկրի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողներին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Մայիս ամսից մինչեւ հուլիսի կեսերը հատուկ է, որ Հայաստանում դիտվեն հորդառատ անձրեւներ, կարկուտ, քամու ուժգնացում: Որոշ կազմակերպություններ ավելորդ նախաձեռնություն են ցուցաբերում՝ որոշակի հայտարարություններ անելու փոթորկի, աննախադեպ կարկուտի վերաբերյալ: Հիդրոմետ ծառայությունը կանխատեսումները տեղադրում է Արտակարգ իրավիճակների կայքում, եթե վտանգավոր երևույթ է սպասվում, տեղակատվությունը լինում է «Ուշադրություն» խորագրով: Եթե որևէ արտառոց երեւույթ սպասվի, մենք հանրությանը տեղյակ կպահենք»,-ասաց Զարուհի Պետրոսյանը:
Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հով ամառ է սպասվում՝ օդի ջերմաստիճանը հունիս և հուլիս ամիսներին՝ բացասական, օգոստոսին՝ դրական շեղումով: Նա նշեց, որ տեղումները կանխատեսվել են նորմային մոտ՝ դրական շեղումով, և օգոստոս ամսին դրանք կնվազեն:
Անդրադառնալով հունիս ամսվա եղանակին՝ նա նշեց, որ նման առատ տեղումներով եղանակային պայմաններ կանխատեսվել էր դեռ մայիսի վերջին, և առաջիկա օրեևրին եղանակն անփոփոխ կլինի։
«Հունիսի 18, 19, 20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, կարկուտ: Ջերմաստիճանային ֆոնն այս օրերին` 18, 19-ին հովտային շրջաններում առավելագույնը 33 աստիճան կլինի: Լեռանային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի 27 աստիճանը: Նվազագույն ջեմրաստիճանը հովտային շրջաններում կլինի 16, լեռնային շրջաններում՝ 13 աստիճան: Ամսի 20, 21-ին ջերմաստիճանը 3-4 աստճանով կբարձրանա»,- ասաց նա՝ նշելով, որ ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը կրկին կնվազի ոււ կդիտվեն տեղումներ:




























