Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները եւ հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջեւ համատեղ հայտարարությամբ:

Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին եւս: