Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում եւ հ. մեկ միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել 5-6 տարեկան երեխաների համար։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե յուրաքանչյուր խմբում ներառված է 25 երեխա. այսպիսով՝ մանկապարտեզի ավագ խմբի տարիքի եւս 300 երեխա նվազագույն պարտադիր գիտելիք ձեռք կբերի մինչ դպրոց հաճախելը։

«Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է կրթության եւ գիտության նախարարության հաստատած «Կրթական համալիր ծրագրով»։ Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, եւ առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։ Ծրագրում Երեւանի քաղաքապետարանը համաֆինասավորող կողմ է, ինչպես նաեւ ֆինասավորում է նորաբաց խմբերի մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Կրթական կենտրոնները հիմնանորոգված են, համալրված նոր կահույքով ու գրենական պիտույքներով։ Նախադպրոցական կրթության կենտրոններում, ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում է, երեխաներին տրվում է երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ։ Երեւանի քաղաքապետարանը նախադպրոցական նորաբաց խմբեր ներառող ուսումնական հաստատություններին տրամադրել է դաստիարակի եւ դաստիարակի օգնականի մեկական հաստիք, այդպիսով, ընդհանուր թվով 24 նոր մանկավարժական աշխատատեղ է հատկացվել։

Նորաբաց կենտրոններ հաճախելու են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված՝ 5-6 տարեկան երեխաները՝  ըստ գրանցման հերթագայության։