«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի տնօրինությունը նորից դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարությանն ու Վարչական դատարանին՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ բաժնի որոշումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժինն ապօրինի կառույց է, որի որոշումներն իրավական ուժ չունեն:
Նշենք, որ համալիրն այսօր՝ հունիսի 17-ին, արդեն երրորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ 15 մլրդ դրամով: Աճուրդի ժամկետը լրանում է հունիսի 27-ին:
Հիշեցնենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել:





























