Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է, հունիսի 17-ին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով լսումների ընթացքում:
Ըստ նրա՝ երկրի էներգահամակարգը 17,9 մլրդ դրամի դեֆիցիտ ունի: Պատճառն այն է, որ ԱԷԿ-ը նախատեսվածից 88 օր ավելի է պլանային վերանորոգման տակ եղել եւ 300 մլն կՎտ/ժ քիչ է հոսանք արտադրել, որը փոխարինվել է ավելի թանկ՝ Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էներգիայով:
Երկրորդ պատճառը գետերի ջրերի ցածր մակարդակն է եւ ՀԷԿ-երի ցածր արտադրողականությունը, այդ թվում՝ Սեւան-Հրազդանի եւ Որոտանի կասկադի:
Նրանց արտադրանքի պակասը եւս լրացվել է ՋԷԿ-ի արտադրած ավելի թանկ էներգիայով:
Նշված 17,9 միլիարդից 7-ը Երեւանի ՋԷԿ-ի համար է, որպեսզի սկսեն վճարել 2010թ.-ից գործող նոր էներգաբլոկի շինարարության համար Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) վարկը:
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան պետք է թանկանա 3,85 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց (10-15%):





























