Եթե միջազգային հանրության կողմից աղմուկ չբարձրանար (Քեսաբի հարցը քննարկվել եւ դատապարտվել է տարբեր միջազգային կազմակերպություններում), ապա Թուրքիան կիրականացներ իր ծրագիրը: Այդ մասին հունիսի 17-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ ռազմավարական եւ մարտավարական: «Ռազմավարականն  այն է, ինչ Թուրքիան ծրագրել էր «Ջեբաթ ան-Նուսրա» կազմակերպության օգնությամբ. հարված հասցնել Լաթաքիա նահանգին, որից հետո Սիրիայի հյուսիսային, մերձծովյան շրջանները վերահսկողություն տակ վերցներ: Եվ երկրորդ մասը, իհարկե, Քեսաբի՝ գլխավորապես հայերով բնակեցված շրջանի զավթումն էր», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ մարդի 21-ին սիրիական ընդդիմության հանցավոր խմբավորումների կողմից գլխավորապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա զանգվածային գրոհ էր իրականցվել: Քեսաբի բնակչության մեծ մասը  տեղահանվել էր Լաթաքիա քաղաք: Նախօրեին Քեսաբը ազատագրվել էր կառավարական զորքերի կողմից: