Գլխավոր դատախազության առջեւ այսօր՝ հունիսի 17-ին, հավաքվել էին մոտ երեք տասնյակ ազգությամբ եզդի քաղաքացիներ, որոնք պահանջում էին ազատ արձակել աղջիկ փախցնելու համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Էդիկ Ազմանյանին։
«Յոթ ամիս առաջ Էդիկ Ազմանյանը տաքսիստի եւ ընկերոջ հետ իր սիրած աղջկան փախցրել է, սակայն ճանապարհին ոստիկանը կանգնեցրել է մեքենան, աղջիկն էլ ամաչելով ասել է՝ ինձ զոռով են փախցնում։ Դրանից ելնելով մեղադրանք են առաջադրել։ Բայց այդ աղջիկն իրեն սիրում է, իրենց տանն է ապրում եւ բողոք չի ներկայացրել։ Քննիչն աղջկա հետ առանձին զրուցելիս ստիպել է, որ նա գրի, որ իրեն զոռով է փախցրել։ Աղջիկը ոստիկանությունից դուրս գալուց հետո հորն ասել է, որ իրեն ստիպել են ցուցմունք գրելԷդիկի դեմ»,- NEWS.am-ին ասաց Էդիկ Ազմանյանի ընկերներից Ռուստամ Ամոյանը։
Նախօրեին ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Էդիկ Ազմանյանի քույրը պատմեց, որ դատավճիռը լսելուց հետո դատապարտյալի մայրը վատացել է, փորձել է թույլ չտալ, որ որդուն տանեն կալանավայր, ոստիկանները նրան քաշքշել են, ինչի հետեւանքով այսօր նրա թեւերը կապտուկներով են ծածկված։
«Մի՞թե ամուսնանալը հանցագործություն է։ Աղջիկն արդեն ինքնասպան ա լինում։ Ո՞նց կարելի ա դատել, եթե աղջիկը չի բողոքում»,- NEWS.am-ին ասաց Էլմիրա Ազմանյանը։
Էդիկի քրոջ խոսքով՝ եղբոր կինը՝ Նարինեն, նախօրեին դատական նիստին ասել է, որ իր կամքով է գնացել էդիկի հետ, բողոք չունի, չնայած դրան՝ Վերաքննիչն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ Էլմիրայի՝ Նարինեն այժմ հոր տանն է, իրեն շատ վատ է զգում. «Անընդհատ ուշաթափվում է, այնքան է լացել, որ ձայնը կտրվել է»։
Էդիկ Ազմանյանի հարազատներն ասացին, որ իրենք դիմել են Ազիզ Թամոյանին, որպեսզի աջակցի իրեն, բայց նա հրաժարվել է։
Դատապարտյալի մայրը հայտարարեց, որ եթե որդուն չազատեն, ինքը հացադուլ կհայտարարի, եղբայրն էլ ասաց, որ պատրաստ է վերջ տալ իր կյանքին։
«Եթե ազատ չարձակեն Էդիկին, ես իմ ախպոր համար ինքնասպանություն կգործեմ։ Թող ամբողջ Հայաստանն իմանա։ Թող հանցագործները նստեն»,- հայտարարեց Էդիկի եղբայրը՝ Մամո Ազմանյանը։
Դատախազության առջեւ էին նաեւ Նարինեի հարազատները, ովքեր պնդում էին, որ իրենք նույնպես բողոք չունեն։
Նարինեի հորաքրոջ խոսքով՝ իր եղբոր դստերը ոստիկանությունում վախեցրել են. «Ասել են՝ եթե չասես, որ քեզ զոռով ա փախցրել, հորդ կնստացնենք»։
Ըստ Էդիկ Ազմանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով ընկերների` ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող Արմեն Ալեքսանյանի և Գոռ Գալստյանի հետ, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ին ու վերջինիս կամքին հակառակ նստեցրել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել տարածքից:
Է. Ազմանյանին, Ա. Ալեքսանյանին և Գ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասի նկատմամբ) հատկանիշներով:
Ջրաշեն գյուղի բնակիչ՝ Էդիկ Ազմանյանը, մոտ մեկ տարի առաջ հանդիպելով Նուռնուս գյուղի բնակիչ, անչափահաս՝ Ն. Ա.-ին, սիրահարվել է նրան: Այնուհետև, վերջինիս հետ ամուսնանալու հարցով Է. Ազմանյանը դիմել է Ն. Ա.-ի եղբորը, ով հայտնել է, որ քույրը տարիքով փոքր է, իրենք դեռևս չեն պատրաստվում նրան ամուսնացնել և արգելել Է. Ազմանյանին՝ քրոջ հետ նույնիսկ շփվել: Դրանից հետո, վախենալով, որ Ն. Ա.-ին կարող են ամուսնացնել մեկ ուրիշի հետ, Է. Ազմանյանը որոշել է ամուսնության նպատակով նրան առևանգել:
Դատարանի դատավճռով Է. Ազմանյանը և Գ. Գալստյանը դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով, իսկ Ա. Ալեքսանյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով:





























