Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններում ներգրավելու հայկական նախաձեռնությունը սխալ է: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ Բաքվում անցկացվող «Rose Roth» սեմինարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրազյան: Տեղեկությունը փոխանցում է haqqin.az-ը:
«Ղարաբաղյան հակամարտության հարցում հապաղել չի կարելի, քանի որ այն արգելակում է տարածաշրջանային կարեւոր ծրագրերն ու սպառնում վերածվել Կիպրոսի 40-ամյա խնդրի, որի երկու հատվածների բնակիչներն արդեն համակերպվել են ստեղծված իրավիճակին եւ ոչինչ փոխել չեն ցանկանում»,- ասել է Բրայզան:
Նրա խոսքով, Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն է Ռուսաստանը, որի նպատակը տարածաշրջանային անհավասարակշռությունն է: Բրայզան նաեւ նշել է, որ Իրանի հետ միասին Ռուսաստանը «ճնշում է գործադրում» Ադրբեջանի վրա՝ ցանկանալով նրան հեռացնել եվրոպական ինտեգրման գործընթացներից եւ եվրոպական արժեքներից:





























