Դանակը ձեռքին Աֆրիկյանների շենք բարձրանալու պահին այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան բերման ենթարկված Սոնա Ասատրյանին քիչ առաջ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկված ակտիվիստը:

«Ինձ բերման էին ենթարկել ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով, երեք ժամ պահեցին ու ազատ արձակեցին: Իմ նկատմամբ բռնություն էլ չի գործադրվել, շատ քաղաքավարի եւ բարեհամբույր էին ոստիկանները»,- ասաց նա:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այս գործով նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ մեր տեղեկություններով Սոնա Ասատրյանը Աֆրիկյանների ազգականն է, որն արդեն մի քանի ամիս ակտիվ պայքարում է շենքը ապամոնտաժելու դեմ:

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am