Հարավային Օսիան ճանաչել է մայիսին Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում (ԼԺՀ) անցկացված հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Հարգելով Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդի կամարտահայտությունը՝ հանրապետությունը ճանաչում է հանրաքվեի արդյունքները»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Տիբիլովը:
Մեկնաբանելով Լուգանսկի հանրապետության Գերագույն խորհրդի՝ ԼԺՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն ճանաչելու մասին դիմումը, Տիբիլովը տեղեկացրել է, որ «հանրապետությունը պատրաստ է կառուցողական որոշում կայացնել եւ ղեկավարվելու է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով»:
Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Լուգանսկի հանրապետությունը ճանաչելու մասին դիմում ստանալուց հետո նախագահ Լեոնիդ Տիբիլովը կառավարության եւ խորհրդարանի հետ խորհրդակցություն է անցկացրել եւ հանձնարարել «պետական որոշում կայացնելու համար բազմակողմանիորեն քննարկել հարցը՝ հաշվի առնելով օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետագա գործողությունները»:





























