«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները եւ դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում եւ hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները եւ սփյուռքի դերը»:

Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը եւ գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում:

Հայաստանից, Կանադայից եւ ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, եւ թե այն ինչպիսի դրեւորում է ստանում Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի Թրենսփերընսի Ինթերնեյշնլ կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Հայաստանի՝ «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Զեյնալյանը եւ «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր Վահան Գոլոլեանը:

Տորոնտոյում եւ Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները եւ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների եւ աղքատության հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), եւ թե ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Ջիբութին եւ Կոլումբիան: