Բաաքուբա քաղաքի մերձակայքում տեղակայված բանտի 44 կալանավորներ անցյալ գիշեր սպանվել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: «Աս-Սումարիա» հեռուստաալիքին հղում կատարելով՝ գրում է ИТАР-ТАСС-ը:
Գիշերը ծայրահեղականներն ազատելու փորձ են կատարել ոստիկանության բաժանմունքին կից քննչական մեկուսարանի կալանավորներին, որը տեղակայված է Բաաքուբա քաղաքից 6 կմ արեւմուտք գտնվող Էլ-Մաֆրաք տեղանքում (Իրաքի մայրաքաղաքից 60 կմ հյուսիս գտնվող Դիալա մարզի վարչական կենտրոն): Գրոհի ընթացքում խմբավորման զինյալները նռնականետեր, ականանետեր եւ թեթեւ հրազեն են օգտագործել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի շենքին լուրջ վնաս է հասցվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ծայրահեղականների հարձակումը, ովքեր փորձել են ազատել իրենց համախոհներին, ահաբեկչական գործունեության մեղադրանքով կալանավորված 44 մարդու մահվան է հանգեցրել: Իրավապահների տեղեկացմամբ, սպանվածների թվում ISIS-ի ղեկավարներ կան:





























