Ադրբեջանացի «Տիկին Զաֆիրա» անունով հայտնի կավատուհին Պակիստանի արտաքին հետախուզական գործակալության կողմից ճանաչվել է երկրի ինքնիշխանության, իսլամական մշակույթի եւ սոցիալական կյանքի գլխավոր սպառնալիքներից մեկը:

Haqqin.az-ը, վկայակոչելով The News İnternational պարբերականին, հաղորդում է, որ գործակալությունը հաշվետվություն է ներկայացրել, թե ինչպիսի վտանգ են ներկայացնում ուզբեկական իսլամիստական խմբավորումն ու մարմնավաճառները, որոնք ներթափանցում են 4 հարեւան երկրներից, ներառյալ՝ Ադրբեջանից: Հաշվետվությունում ասվում է, որ բազմաթիվ ուզբեկ եւ չեչեն ահաբեկիչներ պատերազմում են «Թահրիկ Թալիբան» խմբավորման կազմում: Զուգահեռաբար, բազմաթիվ ուզբեկ մարմնավաճառներ, Պակիստանում ընդլայնելով սեռական առեւտուրը, վտանգում են երկրի ինքնիշխանությունը: Գործակալությունը նշում է, որ վերջին ժամանակներս կանխվել է 18-24 տարեկան մարմնավաճառների կողմից երկիր մուտք գործելու փորձը:

«Ինչո՞ւ են ուզբեկ ահաբեկիչները պատերազմում Պակիստանում, այլ չեն մնում իրենց երկրում եւ պայքարում իսլամական արժեքների վերականգնման համար: Չէ՞ որ հենց այդ երկրում է լայնորեն տարածված մարմնավաճառությունը, որը համարվում է ամենաշահավետ բիզնեսը», - ասվում է Պակիստանի հետախուզության հաշվետվությունում:

Հաշվետվության հեղինակները նշում են որ Ուզբեկստանի Իսլամական շարժման առաջնորդ Ուսման Գանին եւ «Տիկին Զաֆիրա» կավատուհին միեւնույն վտանգն են ներկայացնում Պակիստանի ինքնիշխանության եւ մշակույթի համար: Ուսման Գանին ղեկավարում է ուզբեկ ահաբեկիչների խմբավորումը, որոնք կռվում են «Թալիբան» կազմակերպության շարքերում: Իր հերթին, «Տիկին Զաֆիրան» ղեկավարում է մարմնավաճառների կլանը: Հենց կավատուհին է Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից եկած մարմնավաճառների խմբերի աներկբա առաջնորդը: Այդ կինը մեծ աջակցություն է վայելում Պակիստանի պաշտոնյաների, ոստիկանների եւ գործարարների շրջանում:

Ըստ տվյալների՝ «Տիկին Զաֆիրան» աշխատում է 4 երկրների մարմնավաճառների հետ՝ Ուզբեկստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի:

«Ուզբեկստանի զինյալները այնքան ուժեղ չեն, բայց ի տարբերություն տեղական վարձկանների, առավել առողջ են: Ուզբեկ մարմնավաճառները, հակառակը, գեղեցիկ եւ հմայիչ են», - ասվում է հաշվետվությունում:

Եթե ուզբեկ զինյալների կենտրոնները տեղակայված են Իսլամաբադում, Լահորում, Ռավալփինդիում, Կարաչիում, Մուլթանում, ապա ուզբեկ մարմնավաճառները նախընտրում են իրենց կենտրոնները հիմնել երկրի խոշորագույն քաղաքակներում: