Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում նախատեսված նոր վճարումներից հրաժարվել հնարավոր չի լինի: Այս մասին հունիսի 17-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով կուտակային կենսաթոշակների մասին կառավարության նոր օրինագիծը:
Օրինագծի համաձայն, կուտակային կենսաթոշակային ներկա վճարումը վերածվելու է նպատակային սոցիալականի: Եթե կուտակայինն ուղղվում է գանձապետական հաշվին, իսկ այնտեղից քաղաքացու անձնական հաշվին՝ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների կառավարմանը, ապա նպատակայինը նախապես անցնելու է պետբյուջերի միջոցով: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը պահանջում էր այդ վճարումները փոխանցել հենց պետբյուջե: Այդ կերպ մեծանում է միջոցների պաշպանության երաշխիքը, իսկ վճարումը համապատասխանում է սահմանադրական իրավունքին»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին, եթե կենսաթոշակային համակարգը պարտադիր չէ, կարո՞ղ են, արդյոք, քաղաքացիները հրաժարվել նոր վճարումներից, նախարարը պատասխանել է. «Ոչ, չեն կարող»:
Քաղաքացիների իրական եկամուտների նվազեցում թույլ չտալու համար կառավարությունն առաջարկում է կուտակային համակարգը պարտադիր կարգով կիրառել պետական հատվածում, որտեղ հուլիսի 1-ից աշխատավարձերն ավելանալու են, իսկ մասնավոր հատվածին անցնել 2017 թվականի հուլիսի 1-ից: «Այդ ընթացքում մենք կհասցնենք ծանոթանալ կուտակային համակարգի ե՛ւ առավելություններին, ե՛ւ խնդիրներին»,- նշեց Ասատրյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ը կայացած արտահերթ նստաշրջանում Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է պարտադիր կուտակային վճարումների ժամանակավոր դադարեցում: Նոր օրինագիծը քննարկվելու է հունիսի 18-ին նախանշված Հայաստանի կառավարության արտահերթ նիստի ընթացքում:





























