Վրաստանի մունիցիպալ ընտրությունները վերջ կդնեն Սահակաշվիլիի կուսակցության կառավարմանը: Հունիսի 17-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ մեկնաբանելով կիրակի Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ըստ նրա՝ քաղաքների մեծ մասում առաջատարը իշխող «Վրացական երազանքի» թեկնածուներն են: Փսրձագետը ուշադրություն է դարձրել նաեւ, որ ընտրություններին մասնակցության ցածր հայտ է գրանցվել: «2010 թ. համեմատությամբ, երբ մասնակցության հայտը 49% էր, այս տարի քվեարկել է 43%-ը», - նշել է Մելիքյանը: 8 քաղաքներում, այդ թվում նաեւ՝ մայրաքաղաքում, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50%-անոց շեմը:
Փորձագետը հիշեցրել է, որ Թբիլիսիում երկրորդ փուլ են դուրս եկել «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Նարմանիան, որը հավաքել է 46,35% ձայն, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Նիկանոր Մելիան՝ 24,7% ձայնով:
Ըստ Մելիքյանի՝ չնայած որ խախտումներ են գրանցվել, մի շարք դիտորդներ ընտրություններն անվանել են ազատ եւ ժողովրդավարական:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններ էին կայացել:





























