Ուկրաինան իրավունք ունի Ռուսաստանի Դաշնության հետ միակողմանի սահմանազատում կատարել: ՈՒՆՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Ռուսաստանի Դաշնությունը գիտակցաբար արգելափակում է ռուս-ուկրաինական սահմանի սահմանազատման գործընթացը: Այդ պատճառով ուկրաինական կողմն իրավունք ունի զատել պետական սահմանագիծը՝ արձանագրության, սահմանազատման քարտեզների եւ Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման պայմանագրի հիման վրա»,- ասել է նա:

Բացի այդ, ուկրաինական արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանն ինքը բազմիցս միակողմանի սահմանազատում է կատարել, մասնավորապես, Էստոնիայի, Լիտվայի եւ Վրաստանի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան մտադիր է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի «խաղաղության ծրագրի» շրջանակում Ռուսաստանի հետ սահմանի միակողմանի սահմանազատում կատարել:

Համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը:

Միաժամանակ, ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտադիր չէ ճանաչել Ուկրաինայի միակողմանի սահմանազատումը եւ կարծիք է հայտնել, որ նման գործողությունները կհանգեցնեն մշտական սահմանային կոնֆլիկտների: