«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախորդ տարվա հունվարի 2-ին մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան եւ բժիշկների թույլ տված թերությունների միջեւ պատճռահետեւանքային կապ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փորձագետ, բժիշկ Աննա Չոբանյանը՝ անդրադառնալով իր տված բժշկական փորձագիտական եզրակացությանը:
«Պետք է կատարվեր արյան մակարդելիության փորձաննություն, չի կատարվել նաեւ արյունաբանական կոնսուլտացիա: Բժշկական քարտն էլ լրացված է թերի: Հիվանդին կարող էին տեղափոխել նաեւ վերակենդանացման բաժանմունք՝ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու համար: Բայց նշված թերությունների եւ մահվան միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապ չկա: Լիա Միսակյանի արյան մեջ լեյկոցիտների պակասը նշանակում է իմունիտետի պակաս, որի պատճառով հիվանդությունը կարող է ունենալ կայծակնային ընթացք: Իմունիտետի անկման ժամանակ ցանկացած ինֆեկցիա ունի անկանխատեսելի զարգացում,այդ ժամանակ լեյկոցիտները չեն պայքարում: 100 երեխա այդ իրավիճակից դուրս կգա, մեկը, հնարավոր է, մահանա»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը:
Աննա Չոբանյանի խոսքով՝ եթե անգամ բժիշկները մեկ օր առաջ սկսեին հակաբակտերիալ բուժումը, դա չէր օգնի. «Ոչ մի անտիբիոտիկ հրաշք չի գործում, բժիշկները տեսնում են կոշտացած շնչառություն, երեխան ոտքի վրա է, մի օրվա մեջ անտիբիոտիկը չէր օգնի: Անտիբիոտիկ նշանակվել է ամսի 2-ին, 1 օր առաջ եթե նշանակվեր, դա չէր օգնի: Եթե այդ բուժումը կատարվեր 4-5 օր առաջ, հնարավոր է՝ դա օգներ, եւ մահվանից հնարավոր լիներ խուսափել»:
Նշենք, որ գործով մյուս փորձագետ, բժշկագիտական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանի կարծիքով,երեխայի մահվան եւ բժիշկների կատարած թերի աշխատանքի միջեւ պատճառահետեւանքային կապ կա: «Այն ինչ անհրաժեշտ էր պետք է կատարվեր հիվանդի ընդունման պահին։ 30 ժամ հիվանդանոցում, ըստ էության, ոչինչ չանելու դեպքում, ի՞նչ արդյունք լինելու մասին է խոսքը, ինչպե՞ս դրական տեղաշարժ կարող էր լինել: Ընդունման առաջին օրը, հաշվի առնելով հիվանդության մասին ծնողների տված տեղեկությունները, երեխայի հեւոցով շնչառությունը, ջերմությունը, շրթունքների կապտությունը, բժիշկները պետք է սկսեին անտիբիոտիկներով բուժում: Այդ դեպքում էլ, սակայն, չենք կարող բացառել, որ կարող էր լինել մահ, բայց որ հիվանդությունը կայծակնային զարգացում չի ունեցել, դա հստակ է, եւ դրա մասին խոսելն ավելորդ է»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Երկու փորձագետների տված եզրակացությունների միջեւ այլ հակասություններ էլ կային: Փորձագետ Աննա Չոբանյանը դատարանին հայտնեց, որ Լիա Միսակյանի մոտ հիվանդանոց ընդունման ժամանակ գրանցված շնչառության 32-38 հաճախականությունը նորմալ է 38.5 ջերմության դեպքում, եւ բժիշկները չէին կարող ենթադրել, որ նա մեկ օր հետո կմահանա: Փորձագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ շնչառության նման հաճախականությունը աննորմալ է, եւ դա պետք է բժիշկներին հուշեր, որ Լիա Միսակյանը թոքաբորբով է հիվանդ:
«2-3 տարեկան երեխայի համար 32-38 շնչական ակտը արագ է, սահմանային կարելի է համարել 28-ը, ըստ դրա՝ երեխայի ընդհանուր վիճակ բժիշկները պետք է գնահատեին ծանր, քանի որ ջերմություն ուներ եւ շնչում էր տնքոցով: Տնքոցով շնչառությունը նշանակում է, որ շնչառական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կան, եւ դա վկայում է խոր թոքաբորբի մասին»,- ասաց փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Լիա Միսակյանի հայրն էլ հայտարարեց, որ ինքը ունի համապատասխան տեսագրություն, որտեղ երեւում է, որ երեխայի շնչառության հաճախականությունը 52-56 է եղել: Դատավորը սակայն թույլ չտվեց հրապարակել այդ տեսանյութը, քանի որ այն նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց չի ներգրավվել:
«Նախաքննական մարմինը պետք է ժամանակին սահմանված կարգով դա դարձներ ապացույց, սխալը կատարվել է քննիչի կողմից»,- ասաց դատավորը՝ խոստանալով այդ տեսանյութին անդրադառնալ հիմնական ապացույցները հետազոտելուց հետո:
Փորձագետ Աննա Չոբանյանին այսօր չկարողացան հարցաքննել: Նրան ժամանակ տվեցին իր տված եզրակացությանը ծանոթանալու եւ փաստերը վերհիշելու համար, որպեզի կարողանա հարցերին պատասխանել: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:





























