Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքի վրա «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման նախապատրաստմանը: Այս մասին հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Իրաք զենք է փոխադրվել Թուրքիայի հատուկ ծառայությունների անմիջական օժանդակությամբ:
Նրա համոզմամբ, Թուրքիայի դերը շատ կարեւոր է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի վերակազմավորման ներկա փուլում, քանի որ այն ոչ միայն մերձավորարեւելյան երկիր է, այլեւ տարածաշրջանի ուժային կենտրոնն է: «Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Թուրքիան արաբական պետություն չէ, եւ նրա հարաբերություններն արաբական աշխարհի հետ պատմական խորն արմատներ ունեն: Մերձավոր Արեւելքում նոր գործընթացների պայմաններում Թուրքիան փորձում է ակտիվ դերակատարում ունենալ ինչպես Իրաքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Իրաքի վերջին իրադարձություններին՝ թուրքագետը նշեց, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը վաղեմի կապեր ունի Թուրքիայի հետ: «Գրավված Մոսուլ քաղաքը Թուրքիան ընկալում է որպես իր անքակտելի մաս, այնպես որ այդ հարցում Անկարան նույնպես ասելիք կունենա»,- ընդգծեց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման հետեւանքով վերջին շրջանում Թուրքիային հաջողվել է մահմեդական աշխարհում բարձրացնել իր վարկանիշը:
Հիշեցնենք, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Թիքրիթ քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիսում, Բաղդադից 140 կմ հեռավորությամբ: Ավելի վաղ ծայրահեղականների վերահսկողության տակ էր անցել երկրի հյուսիսային Նայնավա մարզի կենտրոն Մոսուլ քաղաքը: Զինյալները գրավել են նաեւ Սալահ-էդ-Դին եւ Քիրքուք նահանգների մի քանի բնակավայրեր:





























