Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 25-ամյա Իվան Ս.-ն մեղադրվում է համագյուղացու տնից հնդկահավ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին գիշերը ժամը 00:30-ի սահմաններում: Իվանը գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մետաղյա ցանկապատով մտել է համագյուղացի Մելսիկ Գ.-ի տան բակ, այնուհետեւ նկուղ եւ այնտեղից գողացել զգալի չափերի՝ 66 հազար դրամ ընդհանուր արժեքով 6 հնդկահավ:

Իվան Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: