«Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալների հարազատները պատրաստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե հունիսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը չբեկանի եւ անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման:
«Եթե արդար դատավճիռ չլինի հրաժարվելու ենք քաղաքացիությունից, գնալու ենք հանձնվենք ուրիշ երկրի: Ոնց կարող ես այն երկրում մնալ, որտեղ քո իրավունքները ոտնահարում են: Դատախազ Մարուխյանը լկտիաբար նույն մեղադրական ճառը ասաց Վերաքննիչ դատարանում, չի հավատում ամբաստանյալների ցուցմունքներին, միայն տուժողների ցուցմունքներն ա արժանահավատ համարում: Լյուբոյ երկրում, անգամ դուշման երկրում մեզ ավելի լավ կընդունեն: Մեր տղաները էս երկրում անմեղ զոհեր են, թող պատասխան տան միայն իրեն արածի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:
NEWS.am-ի այն հարցին, թե որ երկիր կմեկնեն, եթե Վերաքննիչ քրեական դատարանը արդարացի համարի առաջին ատյանի կայացրած վճիռը, Նունե Մարգարյանը պատասխանեց. «Ուր ասես կգնանք, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, մենք հո հայրենիքի դավաճան չենք: Բայց թուրքը, որ թուրք ա, իրա ազգի նկատմամբ տենց բան չէր անի, ինչ որ արեցին դատավորն ու դատախազը»: Նշենք, որ առաջին ատյանի դատարանի մարտի 24-ի որոշումից հետո ամբաստանյալների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում նախագահական նստավայրի դիմաց, նախագահից խնդրում են օգնել իրենց եւ վերահսկել որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանում կայացվի արդար վճիռ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում են բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում։





























