Իրաքի Մոսուլ քաղաքից ահաբեկիչների հարձակման հետեւանքով հեռացած 65 հայ ընտանիքներից 25-ը վերադարձել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունում:

Ըստ նախարարության ներկայացուցչի, Մոսուլի հայերից ոչ մեկը չի փոխադրվել պատմական հայրենիք, սակայն եթե նրանք այդպիսի ցանկություն հայտնեն, հայկական կողմը նույնպիսի օժանդակություն կցուցաբերի, ինչպես Սիրիայի հայերի պարագայում, ովքեր հանգրվանել են Հայաստանում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 10-ին Մոսուլի վրա ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով 65 հայ ընտանիքներ եւ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը ստիպված են եղել լքել քաղաքը: Ահաբեկիչների հարձակման հետեւանքով Մոսուլի հայ համայնքից կորուստներ չկան: