Նյու Յորքի աճուրդում աշխարհի հազվագյուտ նամականիշներից մեկը վաճառվել է 9,5 միլիոն դոլարով:

Բրիտանական Գվիանայի նամականիշը, որը ժամանակին 1 ցենտ է արժեցել, ֆիլատելիստների համար «սուրբ Գրաալ» է համարվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համարվում է, որ վաճառված նմուշը 1856 թ. Բրիտանիայի գաղութի տպագրած հավաքածուի պահպանված միակ նմուշն է:

Այս մանուշակագույն ութանկյունը պատկերում է եռակայմ նավ եւ ունի լատիներեն մակագրություն` «Մենք տալիս ենք եւ ստանում»:

Բրիտանական Գվիանայի մեկցենտանոց նամականիշը հազվագյուտներից միակն է, որը չկա Բրիտանիայի թագավորական ընտանիքի նամականիշների հավաքածուում: