ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բոլոր հնարավոր ջանքեր գործադրում են ժառանգության հարկի վճարումից խուսափելու համար, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։
Ամերիկյան Bloomberg գործակալությունը լրագրողական հետաքննություն է անցկացրել եւ բացահայտել, որ քաղաքական գործիչների ընտանիքը օգտագործել է հատուկ ֆինանսական սխեմա, որը շատ գործարարներ են ձգտում կիրառում։ Ժառանգներին հարկերի վճարումից ազատելու համար, որոնց չափը կարող է հասնել մինչեւ 40%-ի, սեփականատերերը տրեստային ընկերություններ են ստեղծում եւ իրենց ունեցվածքը փոխանցում են այդ կազմակերպությունների հաշվին։ Այնուհետեւ, ընկերությունները կարող են այդ սեփականությունը փոխանցել սկզբնական սեփականատերերին կամ դրանց ժառանգներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Bloomberg-ի տվյալներով՝ հենց այս սխեման է գործարկել Քլինթոնների ընտանիքը։ Այսպես, 2010թ. նրանք ստեղծել են տրեստային ընկերություն եւ 2011թ. Նյու-Յորքում գտնվող իրենց տունը փոխանցել են այդ ընկերության սեփականությանը։ Մասնագետների կարծիքով, նմանատիպ գործողությունները կարող էին օգնել Քլինթոններին հարյուր հազարավոր դոլարներ տնտեսել, հաղորդում է CBS News-ը։
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնը 2016թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ամենահավանական թեկնածուն է համարվում։





























