Երեւանի պետական համալսարանի ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանն աշխատանքից ազատվել է իր իսկ ցանկությամբ եւ տեղափոխվել՝ դասախոսելու հայոց պատմության ամբիոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Ինչ գրում են թերթերը, իրականությանը չեն համապատասխանում: Գեւորգ Մելքոնյանն ինքն է ցանկություն հայտնել այլեւս չաշխատել ռեկտորի օգնական: Ինքը մեկ դրույքով տեղափոխվել է հայոց պատմության ամբիոն, այնտեղ դասախոսելու է»,- ասաց նա:

Արամ Սիմոնյանի խոսքով՝ Գեւորգ Մելքոնյանը նախկինում քառորդ դրույքով էր աշխատում, իսկ ռեկտորի օգնական հաստիքը կրճատվելու է, քանի որ այլեւս դրա կարիքը չկա:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը հունիսի 18-ին գրել էր. «Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գեւորգ Մելքոնյանի մասնակցությամբ։ Ըստ ԵՊՀ մեր աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» եւ ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։ Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, եւ որեւէ մեկը ՀՀԿ-ից, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանը չեն կանխել դա»: