Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել է ընդամենը մի քանի աշխատող, թեեւ 1974թ.-ից հետո ծնվածները մեծ թիվ են կազմում այս համալսարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԼՀ ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանը՝ հերքելով «Դեմ եմ»-ի տարածած տեղեկատվությանը, թե լեզվաբանական համալսարանը հրաժարվում է դիմումներ վերցնել:
«Ընդամենը մի քանի դիմում է եղել, թե ինչու այդքան քիչ, չեմ կարող ասել: Մի բան հստակ կասեմ, որ ռեկտոր Գայանե Գասպարյանի կողմից հորդոր, պահանջ չի եղել, որ դիմումներ չգրեն: Ով ուզել, գրել է: Իմ օրինակով կարող եմ ասել, որ ես ինքս դիմում չեմ գրել, որովհետեւ ապագայիս մասին եմ մտածում ու կարծում եմ, որ այս համակարգը ճիշտ է»,- ասաց նա:
ԵՊԼՀ-ում երիտասարդ աշխատակիցներ բավականին շատ կան: Նրանք օրեր առաջ դիմել էին «Դեմ եմ»-ին՝ հայտնելով, թե իրենց համալսարանում ստիպում են կուտակայինի դիմումներ չգրել: Ցոլակ Ակոբյանը սա ապատեղեկատվություն է որակում, իսկ պատճառն էլ նրա կարծիքով մրցակցությունն է, քանի որ վերջին շրջանում այս բուհ-ը մեծ առաջընթաց է գրանցել:
«Չեմ կարող ասել, թե հետագայում ինչ որոշում կկայացնի համալսարանը կուտակայինի մասին, սպասողական վիճակում ենք: Տեսնենք՝ ինչ օրենք կընդունեն, ըստ դրա էլ կշարժվենք, իսկ «Դեմ եմ»-ին էլ ապատեղեկատվություն են տվել, հաստատ անանուն, որպեսզի մեր հեղինակության հետ խաղան»,- ավելացրեց ԵՊԼՀ աշխատակիցը:
Նշենք, որ հունիսի 18-ին արտահերթ նիստին խորհրդարանը քննարկելու է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագիծը, որով հուլիսի 1-ին պետական աշխատողներից պահումները պարտադիր են լինելու:




























