Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունիսի 17-ին խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների քայլերի հաջորդականությունը եւ նախքան հրդեհի մարումը կրթօջախում տիրող իրավիճակը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության, ինչպես նաեւ ոստիկանության աշխատողներին նվիրված ու բանիմաց աշխատանքի համար եւ հայտնել, որ նրանք արժանանալու են խրախուսանքների: Կառավարության ղեկավարը կարեւորել է այն հանգամանքը, որ օպերատիվ եւ արդյունավետ արձագանք է տրվել արտակարգ իրավիճակին:
Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին եւ փրկարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան հետեւություններ անել դրանց վերացման եւ ապագայում կանխարգելիչ միջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է ուսումնական վարժանքների դերն արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի դեպքերից խուսափելու գործում:





























