Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, այսօր՝ հունիսի 18-ին, մեկնարկել է Մաքուր էներգիան Ասիայում 9-րդ ֆորումի մաս կազմող «Կայուն էներգիա բոլորի համար» խորագրով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր հանդիպումը, որի նպատակն է համախմբել ներդրումներն ու նորարար միջոցները՝ մաքուր էներգիան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների բնակչության համար հասանելի դարձնելու համար:
«Էներգետիկ ռեսուրսների ապահովվածության տեսանկյունից աշխարհի ամենից անապահով բնակչությունն ապրում է հիմնականում Ասիայի զարգացող երկրներում: Այստեղ ավելի քան 600 միլիոն մարդ զրկված է էլեկտրաէներգիայից, շուրջ 1,8 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու եւ կացարանը ջեռուցելու համար որպես վառելիք մինչ օրս օգտագործում է վառելափայտ կամ փայտածուխ», - ասում է Գիտելիքների կառավարման եւ կայուն զարգացման գծով ԱԶԲ-ի փոխնախագահ Բինդու Լոհանին:
«Սակայն մենք կարող ենք հաղթահարել էներգետիկ աղքատությունը՝ էներգիայի կայուն եւ ցածր ածխածնային էներգետիկ միջոցներով: Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնության շուրջ համախմբում ենք ներդրողների, նորարարների ու փորձագետների», - հավելում է պարոն Լոհանին:
Նախաձեռնության շրջանակներում համագործակցում են Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որը վարում եւ հյուրընկալում է ֆորումը, ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովը (UNESCAP), ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):
Սա «Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնության ներքո կազմակերպվող երեք միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից: Այն հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնց պետք է հասնել մինչև 2030թ:
ա) երաշխավորել ժամանակակից էներգետիկ ծառայությունների համատարած հասանելիությունը,
բ) կրկնապատկել էներգաարդյունավետության զարգացման տարեկան տեմպերը ողջ աշխարհում,
գ) կրկնապատկել վերականգվող էներգիայի կիրառման մասնաբաժինը` էներգիայի բոլոր տեսակի աղբյուների ամբողջության մեջ:
Այս համատեղ նախաձեռնության համար կօգտագործվեն ԱԶԲ-ի, ՄԱԿ-ի, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիակական հանձնաժողովի էներգետիկ ծրագրերի առկա կառույցները՝ տարածաշրջանի երկրներին աջակցելու մաքուր էներգիայի ոլորտի զարգացման համար արագ գնահատում իրականացնել, քաղաքականության մշակման արդյունավետ երկխոսություն ծավալել, ինչպես նաև համախմբել երկկողմանի և գլոբալ ֆոնդերի միջոցները և խթանել ներդրումները:
Էներգիայի պահանջարկը Ասիայում կտրուկ աճում է, քանի որ արագ ընդլայնվում են նաև տարածաշրջանի տնտեսությունները, իսկ բնակչության մեծամասնությունը դառնում է քաղաքաբնակ, ինչը ևս մեծացնում է էներգիայի սպառման ընդհանուր ծավալը: 2035թ-ի դրությամբ Ասիայի զարգացող երկրներում էներգիայի սպառման ծավալը կկազմի համաշխարհային բնական էներգետիկ պաշարների սպառման ծավալի 56%-ը՝ աճելով 2010թ-ի 34%-ի համեմատ: Շրջակա միջավայրը պահպանելու համար հարկավոր կլինի մեծացող պահանջարկը բավարարել վերականգնվող էներգառեսուրսների և էներգախնայողության լայն կիրառման միջոցով:
Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2030թ. Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էներգիայի համապարփակ հասանելիության համար անհրաժեշտ կլինի ավելի քան 200 միլիարդ դոլլարի ներդրում կատարել:
Ասիայի 9-րդ էներգետիկ ֆորումը տեղի է ունենում Մանիլայում գտնվող ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակում՝ ս.թ. հունիսի 16-ից 20-ը:




























