Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով դոկտոր Մարտին Փեցոլդի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական ու ջերմ հարաբերությունները եւ երկրների համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայոց Եկեղեցու պատմական դերակատարությանը հայ ժողովրդի ազգային-հոգեւոր կյանքում` ընդգծելով, որ ժողովուրդը սերտորեն կապված է Եկեղեցու հետ` գիտակից ազգապահպանության գործում նրա կարեւոր առաքելությանը:
Խոսելով պատմության ընթացքին Հայ Եկեղեցուն բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների մասին` Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրել է Հայոց ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի եւ Եկեղեցու կրած ծանր կորուստները: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ 2015 թվականին, երբ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, միջազգային հանրությունը կզորակցի հայ ժողովրդին` ճանաչելով եւ դատապարտելով մարդկության կյանքում գործված այդ ոճիրը` հանուն նմանատիպ ողբերգությունների կանխարգելման:
Հանդիպման ընթացքում խոսվել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու գործուն ներգրավվածության, տարբեր կրոնական հոսանքների ու կազմակերպությունների գործունեության մասին, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հայեցակարգային եկեղեցական հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:




























