«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ Աստանայում Ղազախստանի նախագահը կարդալու է Ալիեւի նամակը:

«Չեմ կարծում, որ Նազարբաեւի նամակի գոյության մասին տեղյակ են եղել: Առնվազն չէր սպասվում, որ նման հարց կքննարկվեր: Այն ինչ տեղի է ունեցել Աստանայում, Հայաստանը դրա մասին տեղյակ չէր նախապես: Նախ Սերժ Սարգսյանն այնպիսի դեմք ընդունեց, որ դժվար թե նա նախապես իմանար այդ մասին»,- այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ հայտնել էր, թե իրենք Նազարբաեւի հայտարարության մասին նախապես իմացել են:

Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հավատում է Սերժ Սարգսյանին. «Եթե նա ասել է, որ իմացել են, ուրեմն իմացել է: Չհավատալու բան չկա այստեղ»:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: