Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունիսի 18-ին,  պաշտոնական այցով մեկնել  է Վրաստան: Նախագահին դիմավորել է Վրաստանի ԱԳՆ Մայա Պանջիկիձեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում դեմ առ դեմ զրույց է նշանակված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհետեւեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմում բանակցությունները եւ հայ-վրացական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին լրատվամիջոցների առաջ համատեղ հայտարարությամբ կամփոփեն բանակցությունների արդյունքները:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպասշվիլիի եւ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների Հրապարակ եւ ծաղկեպսակ կդնի հուշարձանին:

Սերժ Սարգսյանը Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնում ներկա կլինի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին: