Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը չի հասկանում, թե ինչու է հայ հասարակությունը խոսում Ադրբեջանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

«Հայաստանը շուտով միանալու է Եվրասիական տնտեսական միությանը, մենք ամեն դեպքում ցանկանում ենք, որ մինչեւ հուլիսի մեկը կամ տասնհինգը, լինի այդ միանալը: Իսկ Ադրբեջանի անդամակցության մասին խոսելը չեմ հասկանում, որովհետեւ նման բան չկա»,- ասաց նա:

Լեւոն Մարտիրոսյանի խոսքն ընդհատեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ Հայաստանի միանալը կարող է ձգձգվել` մինչեւ դեկտեմբեր:

«Քաղաքական ոչինչ մի փնտրեք, ընդամենը տեխնիկական հարցեր կան, եւ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,- հակադարձեց պատգամավորը:

Այնուամենայնիվ, պատգամավորի խոսքերը չհամոզեցին Ստյոպա Սաֆարյանին, որը համոզված է, որ դեռ շատ անհամաձայնություններ կան եւ Հայաստանի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է:

«Եվրասիական տնտեսական միություն Եվրամիության անհաջող կոպիան է, իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որ այդ միությանն անդամակցի նաեւ Ադրբեջանը: Այդ պատճառով էլ ամեն կերպ Պուտինը հաճոյանում է նրանց` զենքեր վաճառելով օրինակ»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ստյոպա Սաֆարյանի` տեղեկացված լինելը զարմացրեց Լեւոն Մարտիրոսյանին, որը հետաքրքրվեց. «Դուք պատմաբա՞ն եք, ո՞նց եք այդքան թվերը հիշում»:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: