Հայ ժողովրդի  նկատմամբ շուրջ 2,5 տարի  կիրառվող իշխանական տեռորը վերջին  օրերին նոր երանգներ եւ որակներ է ստացել: 

Իշխանությունը բռնազավթած օլիգարխիկ  կլանը չհագենալով մարտի 1-ի սպանդով, քաղաքական տեռորով , ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալություններով եւ առ այսօր անազատության մեջ պահելով` կարծես նոր արյան ծարավ է զգում: Այդ մասին ասված է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Արտաքին մարտահրավերներին  դիմակայելու անընդունակ եւ քաղաքական իմաստությունից զուրկ իշխանությունը ` կանխազգալով  իր մոտալուտ վախճանը ` ընդդիմության հետ երկխոսելու եւ ներքաղաքական  լարվածությունը թուլացնելու փոխարեն  առավել  դաժան գործողությունների է մղում ոստիկանությանը` ավելի խորացնելով հասարակության եւ  իրավապահ մարմինների  միջեւ գոյություն  ունեցող անջրպետը»,- նշել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ հավելել. «Ոստիկանության  ապօրինի գործողությունները, որոնք  ուղեկցվում են դաժան բռնություններով , ծեծով եւ մասսայական ձերբակալություններով `զուրկ լինելով օրինական հիմքերից , վերջնականապես բարոյազրկում են առանց այդ  էլ ապականված ոստիկանական համակարգը եւ լրիվ կախվածության մեջ դնում իշխանությունների  քմահաճություններից»:

Ըստ ՍԴՀԿ-ի՝ ընդդիմադիր երիտասարդների մուտքի արգելափակումը  Ազատության հրապարակ, իրավապահների կողմից բռնի ուժի միջոցով ոչ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման կասեցումը , այնուհետեւ լրագրողների  եւ ակտիվիստների  ապօրինի  ձերբակալությունները` ուղիղ դրա վկայությունն են:

ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը պահանջել է նաեւ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, վերջ տալ ոստիկանական տեռորին եւ ամենաթողությանը, Ազատության հրապարակը ազատել  «իրավապահների»  անպատեհ ներկայությունից: