Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ  նախաձեռնությունն է՝ Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում: Ծրագիրը 17-26 տարեկան երիտասարդ կինոարտադրողներին հրավիրեց պատրաստել վավերագրական ֆիլմեր, որոնցում անդրադարձ կկատարվեր Հայաստանում առկա սոցիալ, տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի՝ մասնակցի հայեցողությամբ: Ծրագրի ներքո հունվար-մարտ ամիսներին անցկացվեցին մի շարք դասընթացներ միջազգային ու տեղական փորձառու մասնագետների կողմից, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվեց ներկայացնել իրենց ֆիլմերը՝ մասնակցելու մրցութային փուլին: Ներկայացված 28 ֆիլմերից միջազգային ժյուրին ընտրեց երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը:

Ս.թ. հունիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհայտարարի Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Հաղթող երեք ֆիլմերը կցուցադրվեն, իսկ հեղինակները որպես մրցանակ կստանան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին նաև կշնորհվի ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության  վկայագիր: