Եթե խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը իշխանափոխություն են պահանջում, ինչո՞ւ են ընկել գյուղմթերքների հետեւից: Այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քառյակի 12 կետերի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Սրանք այն կետերն են, որոնք համաձայնեցրել են խմբակցությունները, կուսակցությունները դրանց հետ կապ չունեն: Հիմա այստեղ պետք է պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում քառյակը: Եթե իշխանափոխություն են պահանջում, ուրեմն ինչո՞ւ են ընկել գյուղմթերքների հետեւից: Ինքս չեմ կարող քննադատել նրանց կետերը, քանի որ դրանք մեզ հետ չեն համաձայնեցրել»,- ասաց նա:
Հենց այս խոսքերից էլ օգտվելով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կատակեց. «Ուրեմն իշխանությունները պետք է չկատարեն այդ կետերը, քանի որ կատարելուց հետո քաղաքական ուժը կարող է հանդես գալ հայտարարությամբ, թե դա իր պահանջները չեն եւ իզուր էլ կատարել եք: Իսկ իրականում դրական եմ գնահատում քառյակի պահանջները գրավոր ներկայացնելու փաստը: Ընդունել-չընդունելու մասին էլ իշխանության ներկայացուցիչներն արդեն պատասխանել են, այսինքն պետք է համագործակցել, ոչ թե ուլտիմատում դնել»:
Նշենք, որ կառավարության անդամներն արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում կատարել քառյակի պահանջները:
Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:
Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:





























