Երթեւեկության խախտումների համար սահմանված տուգանքները նվազեցնելու կառավարության նախագիծը արագաչափերի, տեսախցիկիների, կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության պահանջները չի բավարարում, նրանք շարունակելու են պայքարը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողներին հայտնեց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:
Նշենք, որ կառավարությունը հունիսի 17-ին հավանության էր արժանացրել նախագիծը, որով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը։ Առաջարկվում է 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր կմ/ժ արագության համար վարորդին տուգանել նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով։:
«Դա մեր դիմումի հետ կապ չունի, այնտեղ ոչ մի խոսք չկար կարմիր գծերի, ծուղակային արագաչափերի մասին: Մենք դիմումով պահանջել ենք, որ կասեցնեն բոլոր տեսակի տեսաձայնագրող սարքերով գրանցվող իրավախախտումները, և մեր հետ նստեն՝ համագործակցելու, ապա հանրային քննարկումների արդյունքում նոր լինի օրենսդրական նախաձեռնություն»,-նշեց Արմեն Եփրեմյանը:
Նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանի խոսքով՝ չկա պետական ստանդարտ, որով առաջնորդվելով էլ սահմանվում են տուգանքների չափերը:
«Ո՞վ է որոշել, որ 10 հազար դրամ պետք է լինի տուգանքը: Նույն ձևով կարան սահմանեն 100 հազար դրամ, սարքեն 50 հազար, ասեն՝ մենք զիջումների գնացինք: Նախ և առաջ դրանք ապօրինի փողային գանձումներ են: Ես 100 դրամ չունեմ հեռախոսիս մեջ, ինչի՞ պետք ա 5000 դրամ վճարեմ»,-ասաց նա:
Նշենք, որ նախաձեռնությունը հերթական անհնազանդության ավտոերթն է կազմակերպում հունիսի 19-ին:
Նախաձեռնության անդամներն առաջարկում են կարմիր գծեր սահմանել նաև դատախազության, կառավարության մոտ:
«Կառավարության ավտոները երկու շարքով կանգնած են, վարորդները ստիպված են հոծ գծով գնալ ու տուգանվել: Ինչի՞ համար: Որտեղ որ մսոտ տեղ ա, էդտեղ են դնում տեսախցիկները, որ գումար գանձե՞ն»,-ասաց Արտաշես Միսկայանը:
Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:




























