Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը չի կարողացել հավաքել քվեարկության կազմակերպման համար անհրաժեշտ պատգամավորական ձայներ: Հասկանալով, որ ոչ իշխանական քառյակը նկատել է իշխանական խմբակցության «աքիլլեսյան գարշապարը» (ՀՀԿ-ի պատգամավորները կեսից քիչ են՝ 131-ից 64-ը) եւ խափանում է քվեարկությունը՝ իշխանական կուսակցությունը ընդմիջում է հայտարարել, որպեսզի փնտրի քվեարկության ապահովման համար անհրաժեշտ երկու բաղձալի գործընկերներին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ՀՀԿ պատգամավոր, Կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտարարեց. «Ընդմիջումն ավարտվի՝ տեսնենք քանի պատգամավոր է հավաքվել»:
Ընդմիջումը ավարտվեց, սակայն քվեարկությունը այդպես էլ չվերսկսվեց: Ավելին, սրահը սկսեցին լքել ՀՀԿ-ական պատգամավորները: Տարօրինակ համընկմամբ՝ նրանք բոլորը գործարարներ էին ՝ Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Սադոյանը: Նկատենք, որ գործարար-պատգամավորներն առավոտյան ներկայանում են նիստին, սակայն կես ժամ անց հեռանում են: Նրանք այս սովորությունը այսօր էլ չփոխեցին: Այսպիսով, խափանված քվեարկության վերսկսման փորձերը հետաձգվեցին, համենայնդեպս, մինչեւ վաղը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ քառյակը հենց տեղում որսացել է պահը ՝ առանց նախնական պայմանավորվածության: «Սակայն եթե նրանք մեծամասնությունը չհավաքեն, միեւնույն է, բացակաների փոխարեն կոճակները կսեղմեն»:





























