Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը չի պաշտպանում Ղարաբաղի շահերը: Այս մասին հունիսի 18-ին լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ առավել տարօրինակ է, քանի որ Հայաստանը վաղուց փաստացի ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շահերն այնտեղ, որտեղ Ստեփանակերտը չի կարող ինքնուրույն ներկայանալ, օրինակ՝ ՄԱԿ-ում:

«Ղարաբաղը շահեր ունի՞ եվրասիական ինտեգրման գործընթացում: Իհարկե՝ ունի: Իսկ ո՞վ պետք է դրանք պաշտպանի: Այդ անպատասխան մնաց: Նազարբաեւը կարդաց Ալիեւի նամակը, մենք էլ պետք է կարդայինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նամակը»,- հայտարարեց Ռուստամյանը: Նա նաեւ հավելեց, որ հարցերը պետք է լուծել ոչ թե ոտքի վրա, այլ կոնցեպտուալ մոտեցումներով, իսկ հենց դրանք ոչ ոք չի պատրաստում:

Պատգամավորի խոսքով, Ռուսաստանը կարող է դժվարացնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես ժամանակին այդ արեց Եվրախորհուրդը: «Այն որպես անդամ-երկրներ ընդունեց ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: Հիմա Եվրասիական միությունում միայն Հայաստանն է, եւ այդ կարելի էր օգտագործել մեր բանակցային դիրքերն ամրապնդելու համար: Բայց չի օգտագործվում»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նա չբացառեց, որ եվրոպականի պես, Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Եվրասիական միությանը նրա անդամակցության հարցը: «Այդ ժամանակ Եվրասիական միության շրջանակում Հայաստանի եւ Ղարաբաղի միացյալ տնտեսական տարածությունը լրջորեն կբարդանա»,- հավելեց Ռուստամյանը: