Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարում են նաեւ Աֆրիկյանների ժառանգները, որոնք սակայն հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կվերանայի կառավարության որոշումն ու թույլ չի տա ապամոնտաժել պատմական նշանակության շենքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շենքը կառուցապատող Առաքել Աֆրիկյանի թոռը՝ Արմեն Աֆրիկյանը, հայտնեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետին:
«Ապամոնտաժումը ճիշտ չէ, մենք բացասաբար ենք դրան վերաբերվում: Հույս ունեինք, որ ձեռք չեն տա, սակայն շատ արագ սկսեցին ապամոնտաժել, համարակալել քարերը: Բայց մենք համոզված ենք, որ շենքը նույնությամբ չեն տեղափոխի: Երեկ ապամոնտաժելիս արդեն քարերը վերցրել ու շպրտել են, համարակալված ջարդած քարեր են շպրտված, դրա համար էլ չենք հավատում: Այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր մասնագետ չեն, չեն հասկանում, թե ոնց պետք է կատարել, որ քարերը չվնասել: Ոնց որ մյուս շենքերն են ապամոնտաժել, այդպես էլ այս մեկը կանեն էլի, ոչ մի տարբերություն չի լինելու»,- ասաց նա:
Արմեն Աֆրիկյանը, որը Աֆրիկյանների պանդոկի տնօրենն է, ակտիվ մասնակցում է պայքարին, փորձում է թույլ չտալ ապամոնտաժել շենքը, սակայն չի պատրաստվում հարցը լուծել իրավական հարթակում. «Մենք այդ շենքի սեփականատերը չենք, մենք չենք պահանջում այն վերադարձնել մեզ, սա բոլոր երեւանցիների ժառանգությունն է, ոչ թե միայն Աֆրիկյանների, դրա համար ես էլ մյուս ակտիվիստների պես եմ պայքարում: Եթե փորձեմ դիմել դատարան, ապա անշուշտ հաջողության չեմ հասնի, քանի որ դա շատ երկար պրոցես է, նպատակահարմար չեմ գտնում նորից դրանց մեջ մտնելու»:
Այնուամենայնիվ, Աֆրիկյանները հարցը լուծելու համար գրավոր նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի շենքը չապամոնտաժվի:
«Վարչապետն անում է դրական քայլեր եւ մեր միակ հույսն այս պահին հենց նա է: Հույս ունենք, որ ներկա սեփականատերն էլ կհասկանա, որ կարելի է հյուրանոց կառուցել առանց շենքը վնասելու կամ քանդելու»,- ավելացրեց Արմեն Աֆրիկյանը:
Նշենք, որ շենքի ապամոնտաժման դեմ պայքարողները 24-ժամյա հերթապահություն են սահմանել շենքի մոտ, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտան որեւէ քար տեղաշարժել:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























