Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գլխավոր հեղինակ Քենան Էվրենը եւ Թահսին Շահինքայան դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով վերջին դատական նիստին դատարանի որոշումով Թուրքիայի ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը եւ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայան դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում գտնվող գլխավոր մեղադրյալներ Քենան Էվրենը եւ Թահսին Շահինքայան դատական նիստին հետեւել են տեսակոնֆերանսի միջոցով։
Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։ Էվրենի դեմ ներկայացված է «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական կարգի փոփոխություն» մեղադրանքներ։
2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։
Քենան Էվրենը ներկայում 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։





























