2011թ. մարդահամարի արդյունքներով Հայաստանում այրիների եւ կնոջը կորցրած տղամարդկանց մասնաբաժինը, 2001թ մարդահամարի համեմատությամբ, ընդհանուր բնակչության մեջ ավելացել է 0,4%-ով: Այդ մասին հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով, համաձայն 2011թ. մարդահամարի, այրիներն ու կնոջը կորցրած տղամարդիկ 15 եւ ավելի տարիքի բնակչության 8,9%-ն են կազմում: «Այրիներ եւ կնոջը կորցրած տղամարդկանց բաժինը տղամարդ-կին հարաբերակցությունում հետեւյալն է. կնոջը կորցրած տղամարդկանց մասնաբաժինը ավելացել է 0,6% կետով, իսկ այրիներինը՝ 0,3 %-ով: Եթե 2011թ. մարդահամարի արդյունքներով դիտարկենք այրիների եւ կինը կորցրած տղամարդկանց տարիքային կառուցվածքը, ապա պետք է նշել, որ այրիների եւ կնոջը կորցրած տղամարդկանց մեծ մասը 70 եւ ավելի տարիքի են», - նշեց Կարինե Կույումջյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ 15-35 տարեկան բնակչության մեջ կնոջը կորցրած տղամարդկանց բաժինը կազմել է 1%, այրիներինը՝ 1,3%; 35-59 տարիքային խմբում մարդկանց մոտ՝ համապատասխանաբար՝ 164% եւ 27,4%: «60-69 տարիքային խմբում այրիների եւ կնոջը կորցրած տղամարդկանց բաժինը կազմում է համապատասխանաբար 19,7% եւ 14,6%»: