«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Ներսես Մելքոնյանը Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասոարյանի ներկայացրած BMW մակնիշի մեքենայի մասին ոչինչ չգիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Մեքենայի մասին Ներսեսը ոչինչ չի ասել, մենք տեղյակ չենք, թե ինչ մեքենայի մասին է խոսքը, ուր է կորել է դեպքից հետո: Ամեն դեպքում Ներսեսի վրա կրակել են Գոռի եւ իրենց մեքենայի մոտ, այդ հատվածն այնքան էլ մեծ չի եղել: Ներսեսի վրա մեքենայի մեջ չեն կրակել»,- ասաց նա:

Ներսես Մելքոնյանի առողջական վիճակն ըստ փաստաբանի շարունակում է ծանր մնալ, նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում, բժիշկների մշտական հսկողության տակ. «Ներսեսը երկարատեւ բուժման կարիք ունի, իսկ մենք էլ, ինչպես նախապես հայտարարել էինք, հունիսի 16-ին դիմել ենք Վերաքննիչ դատարան, որպեսզի բեկանեն առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ներսես Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ ըստ փաստաբանների՝ երկարատեւ բուժման կարիք ունի։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am