Արագությունը գերազանցելու համար տուգանքները մասնավորի գրպանն են գնում, այլ ոչ թե պետբյուջե, հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը: Փոփոխությունները վերաբերում են երթեւեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքներին:

Ըստ Ջհանգիրյանի՝ կոպիտ խախտումների համար տուգանքներն ավելացնելու կառավարության մոտեցումը միանգամայն արդարացված է եւ հասկանալի: Սակայն անհասկանալի է՝ ինչու են այդ գումարները մասնավորի գրպանը գնում: «Չէ որ դրանք միլիարդավոր դրամներ են», - հայտարարել է Ջհանգիրյանը:

Իր հերթին ՀՀ ոստիկանապետ Արթուր Օսիկյանը հայտարարել է, որ այժմ բյուջե է մտնում արագությունը գերազանցելու համար տուգանքների կեսը, բայց կառավարությունը դեմ չէ այդ հարաբերակցությունը վերանայելուն (մյուս կեսը ստանում է արագաչափերի եւ տեսախցիկների օպերատոր «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը-խմբ.):

Օսիկյանը նշել է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը 6,5 մլրդ դրամ է ներդրել, այս տարի նախատեսում է եւս  3,1 միլիարդի ներդրում: Աշխատանքը շարունակելու եւ ծախսերը փակելու համար այն պետք է տուգանքներից ինչ-որ հատկացումներ ստանա: