Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ձերբակալել են 51-ամյա հայուհու, ով իր մեքենահով վրաերթ է կատարել՝ վնասելով անցորդի ոտքը, եւ թաքնվել է դեպքի վայրից: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Ոստիկանները հաղորդագրություն է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որտեղ վարորդը փախուստի է դիմել, եւ դեպքի վայր են մեկնել: 15-ամյա տղան փողոցն անցնելիս է եղել, երբ «Honda» մակնիշի սեւ մեքենան հարվածել է իրեն: Ենթադրյալ վարորդ Ոսկի Չալիկյանը կանգ չի առել եւ դեպքի վայրից փախուստի է դիմել: Տուժողին ոտքի վնասվածքով տեղափոխել են Գլենդելի հիվանդանոց:Ականատեսներից մեկը գրանցել է մեքենայի պետհամարանիշը եւ տեղեկությունը հաղորդել է ոստիկանությանը: Ոստիկանները պարզել են վարորդի անձը, փորձել գտնել նրան տանը, սակայն նա ինքն է ներկայացել ոստիկանություն:
Ոսկի Չալիկյանին ձերբակալել են, նրա դեմ մեղադրանք է ներկայացվել: Ավելի ուշ նրան ազատ են արձակել 50 հազար դոլար գրավի դիմաց:





























