Հայաստանի մայրուղիներին առավելագույն արագությունը փոխում են, ինչպես ուզում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ: Փոփոխությունները վերաբերում են ճանապարհային կանոնների խախտման համար տուգանքների չափերի վերանայմանը:

Այվազյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ մայրուղիներին առավելագույն արագությունը փոխում են առանց նախազգուշացման եւ անհայտ է, թե ինչ տրամաբանությամբ:

«Ասենք, գնում ես Սեւանի մայրուղով եւ տեսնում, որ ձմռանը առավելագույն արագությունը մի թիվ է, գարնանը՝ լրիվ այլ: Իսկ նոր նշանի կողքին, կարծես դիտմամբ տեսախցիկ է տեղադրված: Իսկ մարդիկ մեքենայաբար անցնում են նախկինում գործող արագությամբ, ում է սա պետք»,-վրդովված ասել է Այվազյանը:
Իր հերթին, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ այդ փոփոխությունները թույլ են տալիս ավելի լավ կազմակերպել ճանապարհային երթեւեկությունը: «Այդ թվում նաեւ այնպիսի բարդ ինժեներական կառույցներով՝ կամուրջներով»,-հավելել է նա: