Հյուսիսային Հոլիվուդի հայ բնակիչը դատապարտվել է հանցախումբ հիմնելու մեղադրանքով, որը ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար Մոսկվայով եւ Մեքսիկայով ԱՄՆ էր տեղափոխում, հայտնում է «Burbank Leader»-ը:

44-ամյա Գրիգոր Չաթալյանը կալանավորվել է Մեքսիկայից Սան Իսիդրո անցակետով ԱՄՆ մեկնելու փորձի ժամանակ: Նրա դատավարությունը կայացել է ԱՄՆ-ի Սան Դիեգոյի դաշնային դատարանում եւ նրան մեղադրական դատավճիռ է ներկայացվել: Գլենդելի 2 բնակիչներ՝ 42-ամյա Վարդուհի Ավագյանը եւ 40-ամյա Մերի Ավետիսյանը կալանավորվել էին ՀՀ երկու քաղաքացիների ԱՄՆ տեղափոխելու փորձի համար: Նրանց մեղադրում են, որ Չաթալյանի հետ համաձայնեցված են գործել:

Դատախազությունը մեղադրում է խմբին, որ քաղաքացիներից մինչեւ 18 հազար դոլար են վերցրել, որպեսզի վերջիններս Մոսկվա թռչեն, որտեղ նրանց ռուսական կեղծ անձնագրեր էին տրվում Մեքսիկայի Կանկուն  մեկնելու համար: Կանկունից նրանց հասցնում էին Տիխուանա, որտեղ ներգաղթային փաստաթղթեր էին ստանում: Չաթալյանն ու երկու ամբաստանյալները մեղադրվում են խաբեության եւ շահույթ ստանալու նպատակով ներգաղթյալներ տեղափոխելու մեջ: Չաթալյանին նաեւ անձնական տվյալներ գողանալու մեղադրանք է ներկայացվել: