Կասկած է առաջանում՝ Հայաստանի ոստիկանությունը, ավելի շատ տեսախցիկներ տեղադրելով, արդյո՞ք չի սպասարկում որեւէ մասնավոր բիզնեսի: Այդ մասին հունիսի 18-ին Հայաստանի վարչական իրավախախտումների օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Փոփոխությունները վերաբերվում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների վերանայմանը: «Վիճակագրությունը ցույց է տալիս. որքան շատ են տեսախցիկները Երեւանում եւ մարզերում, այնքան շատ տուգանքներ են հավաքվում: Իսկ շատ վարորդներ բողոքում են, որ տեսախցիկները բացարձակապես անհասկանալի տեղերում են դրված», - հայտարարեց Հակոբյանը: Նրա կարծիքով, տպավորություն է ստեղծվում, թե Ոստիկանությունը պարզապես ցանկանում է դրանցով փողոցները լցնել տուգանք հավաքելու նպատակով:

Նկատենք, որ տեսախցիկների կեսը տրամադրում է վերահսկիչ տեսախցիկներ եւ արագաչափեր սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը հակադարձեց, որ Երեւանում տեսախցիկները շատ չեն, եթե դրանք համեմատենք եվրոպական քաղաքների հետ: Երեւանում տեսախցիկները տեղադրված են մոտ 80 խաչմերուկներում, եւս 50 տեսախցիկ նախատեսվում է տեղադրել: Փարիզում դրանք մի քանի հազար են, ընդ որում՝ առանց որեւէ նախազգուշական նշանների:

«Տեսախցիկները մենք տեղադրում ենք այնտեղ, որտեղ արագության գերազանցումը հատկապես վնասակար է ճանապարհային երթեւեկության համար»: